ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ, ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱՑԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ»

«ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ, ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱՑԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ»
14.10.2011 | 00:00

Նոյեմբերի 1-9-ին Մոսկվայում տեղի է ունենալու «Լուսաշող հրեշտակ» միջազգային կրոնական կինոփառատոնը` Սվետլանա Մեդվեդևայի և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո: Հայաստանը ներկայացնելու է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` «Հայկական հացը» վավերագրական ֆիլմով: Արմեն Գասպարյանն ավելի քան տասը տարի ապրում է Ռուսաստանում, համագործակցում է գերմանական կինոընկերությունների հետ:
«Հայկական հացը» պետք է նկարահանվեր Հայաստանում` Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ: Քանի որ ֆիլմը Հայաստանի մասին էր, գործընկեր երկրները պայման էին առաջադրել, որ Հայաստանը, թեկուզ խորհրդանշական գումարով (մոտ տասը տոկոս), պետք է մասնակցեր ֆիլմի ստեղծմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Գասպարյանը: Մշակույթի նախարարության կողմից այս պայմանը մերժվելուց հետո արդյունքում ֆինանսավորումը դադարեցնում են նաև գործընկեր երկրները: Ռեժիսորին մնում է շարունակել ֆիլմի նկարահանումը գերմանական կինոընկերության հետ համատեղ նկարահանվող մեկ այլ ֆիլմից ստացած եկամուտների հաշվին:
Բոլորովին վերջերս «Հայկական հացը» ցուցադրվեց և մրցանակներով վերադարձավ Բելառուսի քրիստոնեական թեմայով ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային 7-րդ փառատոնից: Ի դեպ, ֆիլմը մրցույթին ներկայացնելու հարցում մշակույթի նախարարությունը դարձյալ ոչ մի աջակցություն չի ցուցաբերել:
«Երբ մրցանակով վերադարձա, ինձ ասացին, որ կարող եմ մեկ անգամ էլ դիմել, և ստացա երրորդ մերժումը,- ասում է ռեժիսորը:- Հարց է ծագում` Հայաստանի մասին պատմող ֆիլմը պե՞տք է իրենց, թե՞ ոչ: Ես գրավոր դիմել եմ հանրապետության նախագահին, ներկայացրել եմ եղելությունը և խնդրել եմ բացատրել` ի՞նչ սկզբունքով է աշխատում մշակույթի նախարարությունը: Ինձ ասացին, որ ես այստեղ օտար եմ, կամ պետք է «միջի» մարդ լինեմ, կամ այլ «տեխնոլոգիաների» դիմեմ, այսինքն, ֆինանսավորման տասը տոկոսը պետք է տամ իրենց: Դա կոռուպցիայի ձև է, ես նման բաների չեմ մասնակցում: Ասածներս ապացուցել չեմ կարող, քանի որ ոչ մի երկրում, Հայաստանում նույնպես, կաշառք վերցնելու համար ստացական չեն տալիս, ոչ էլ հարկեր են վճարում»:
Ռեժիսորը տեղեկացրեց, որ այս ֆիլմով հետաքրքրված են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի կինոընկերությունները, կան որոշակի պայմանագրեր: Բայց չի կարող հայկական անձնագրով այլ երկիր ներկայացնել: Եվ, հավանաբար, չի ուզում:
«Կոմիտասի օրոք մշակույթի նախարարություն չի եղել: Մեսրոպ Մաշտոցի օրոք` նույնպես,- ասում է նա:- Մի ստանդարտ պատասխան ունեն: ՈՒրախ ենք ձեր հաղթանակի համար, բայց մեր ֆինանսական բյուջեն սպառված է: Աշխատակիցներից մեկն էլ միանգամայն լրջորեն ասաց` հայ ժողովուրդը շատ տաղանդավոր է, մենք բոլորին աջակցել չենք կարող: Ես ոչ մի լուրջ մտավորականի չգիտեմ, որ նորմալ համագործակցի մշակույթի նախարարության հետ: Պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանը շատ լավ մշակույթ է ունեցել` առանց մշակույթի նախարարության»:
«Հայկական հացը» Հայաստանի քանդված եկեղեցիների, խաչքարերի մասին է, մշակութային մի ամբողջ հարստության, որը դատապարտված է անհետացման:
Նշենք, որ «Լուսաշող հրեշտակ» միջազգային կրոնական կինոփառատոնին պետք է ներկա լինի Ռուսաստանում Հայաստանի դեսպանը: Սակայն ռեժիսորին դա անհասկանալի է, քանի որ ֆիլմը բացահայտ անտեսվում, մերժվում է պատկան մարմինների կողմից: Պատրաստ է նույնիսկ ֆիլմը չներկայացնելու փառատոնին:
Արմեն Գասպարյանը մեզ հայտնեց, որ իր հետագա քայլերը պայմանավորված են ՀՀ նախագահի պատասխան նամակով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ